Հայաստանի կենդանական աշխարհը շատ բազմազան է: Հաշվվում է մոտ 12000 կենդանատեսակ, որոնց թվում 75-ը կաթնասուններ են, 43-ը՝ սողուններ, 300-ից ավել թռչուններ և ավելի քան 11000 միջատներ ու անողնաշարավորներ:
Ստորև ներկայացված են հայկական կենդանական աշխարհի այն տեսակները, որոնք իրենց անուններում ներառում են «արմեն» և «հայաստան» արմատները, ինչպես նաև հայկական այլ տեղանուններ։
Հայկական մորեխը մորեխների ընտանիքին պատկանող միջատ է։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Թափանցիկ թևերով, կանաչ գունավորմամաբ փոքր չափի մորեխիկ է, որի արուի մարմնի երկարությունը 12,5-17,2 մմ է։ Ճակատը երբեմն խոշոր մուգ պուտով է, ունի կանաչ գունավորում։ Թևերը թափանցիկ են, լավ զարգացած, իսկ վերնաթևերը՝ երկու սեռերի մոտ էլ միագույն, գագաթային հատվածից դեպի առաջ գորշագույն ջղերով և թույլ սպիտակ պուտիկով, էգինը` երբեմն նաև մուգ պտերով: Հայաստանի էնդեմիկ է: Ապրում է ծովի մակարդակից 1300-1500 մ բարձրությունների վրա, ալպյան և ենթալպյան գոտիներում, մարգագետիններում և գորգերում։ Թրթուրները դուրս են գալիս հունիսի կեսին, հասուն անհատները հանդիպում են հուլիսի սկզբից, զանգվածաբար՝ օգոստոսին, հազվադեպ կարող են հանդիպել նաև սեպտեմբերին։ Հետսաղմնային զարգացումը տևում է 45–55 օր: Բուսակեր են և բազմակեր:
Հայկական սղոցապոչը ծղրիդների ընտանիքին պատկանող միջատ է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Փոքր չափով ծղրիդ է, որի արուի մարմնի երկարությունը 12-14,5 մմ է, էգինը՝ 17-19 մմ, իսկ ձվադրինը՝ 5,5-7 մմ: Արուների կարճացած վերնաթևերը մասամբ անցնում են փորիկի առաջին տերգիտի ետին եզրը, իսկ էգերինը շատ փոքր են և թաքնված առաջնամեջքի ծայրի տակ: Գունավորումը տարատեսակ է (կարմրադեղին, կարմրագորշագույն, կարմրականաչ): Ապրում է լեռնատափաստաններում՝ ծովի մակարդակից 1500-2000 մ բարձրությունների վրա, երբեմն էլ թափանցում է ցանքերը: Հասուն առանձնյակները հանդիպում են հունիս-հուլիս ամիսներին: Միջատը բուսակեր է և բազմակեր:
Հայկական ֆիտոդրիմադուզան ծղրիդների տեսակ է: Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Մարմնի երկարությունը 25-30 մմ է: Հիմնական գունավորումը միագույն կանաչադեղնավուն է: Վերնաթևերը կարճ են (6-7 մմ), ձվադիրը հասնում է մինչև 28 մմ-ի: Միատարր դեղնականաչավուն գունավորմամբ խոշոր չափի ծղրիդ է (արուի մարմնի երկարությունը 25-30 մմ է)։ Երկու սեռերի վերնաթևերն էլ թեր զարգացած են. արուինը հասնում է փորիկի 3-րդ, իսկ էգինը` 2-րդ տերգիտին: Ֆիտոդրիմադուզա հայկականն ապրում է ծովի մակարդակից 1100 մ բարձրությունների վրա, տարբեր տեսակի կիսաանապատներում, բարձր բուսականությամբ և թփուտներով տեղամասերում։ Հասուն միջատները հանդիպում են հուլիս-օգոստոս ամիսներին: Բուսակեր են, բազմակեր:
Հայկական իշամեղուն ոչ մեծ արեալով և կրճատվող թվաքանակով հազվագյուտ տեսակ է: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով հայկական պոպուլյացիան գնահատվում է որպես «Խոցելի»` VU B1a+B2a:
Էգերի և աշխատավոր առանձնյակների փորիկը կազմված է 6 տերգիտներից, բեղիկները 12-հատվածանի են, ունեն խայթ: Արուների փորիկը կազմված է 7 տերգիտներից, բեղիկները 13 հատվածանի են, խայթ չունեն: Բոլոր իշամեղուների մարմինը պատված է ծածկույթները թաքցնող խիտ փռչոտ մազիկներով: Տվյալ տեսակի մեջքի առջևի մասը, վահանիկը և փորիկը ծածկված են դեղին մազիկներով: Մեջքի վրա` թևերի միջև, կա լայն, սև գույնի տրամակապ: Հազվադեպ է հանդիպում, թվաքանակը կրճատվում է ամբողջ արեալով:
Հայկական մկնիկը մկնանմանների ենթակարգի մկնիկների ցեղի կաթնասուն կենդանի է, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Մարմնի երկարությունը մոտ 66 մմ է, պոչը՝ 101 մմ, կենդանի զանգվածը՝ մոտ 7 գ։ Մեջքը մոխրակարմրագորշ է, վիզը և կողքերը՝ ավելի վառ, փորիկը՝ բաց մոխրավուն, պոչը՝ երկգույն։ Կենսակերպն ուսումնասիրված չէ։ Գտնվում է անհետացման եզրին: Լոնդոնի կենդանաբանական ընկերության կողմից դասվել է 100 կաթնասունների շարքին, որոնց գոյությունն առավել վտանգված է: Բնակվում է բարձր և խիտ տարատեսակ խոտաբույսերի առկայությամբ ենթալպյան բիոտոպերում` անտառի վերին եզրին, ծովի մակարդակից 2000-2200 մ բարձրության վրա: Կենսաբանության առանձնահատկությունները գրեթե հետազոտված չեն: Սնվում են խառը կերով, մեծ մասամբ` կանաչ, սերմեր, պտուղներ: Կարող է նաև սնվել միջատներով և խմել ջուր: Ակտիվությունը, հավանաբար, ինչպես և այլ մկնիկներինը մթնշաղագիշերային է:
Հայկական որորը որորների ընտանիքին պատկանող խոշոր թռչուն է: Անցյալում այն դասակարգվում էր որպես արծաթագույն որորի ենթատեսակ, բայց ավելի ուշ այդ որորին դասակարգեցին որպես առանձին տեսակ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հայկական որորը նման է դեղնաոտք որորին, սակայն ավելի փոքր է, և ունի մուգ մոխրագույն հատվածներ գլխի և մեջքի շրջաններում։ Թևերի շրջանում սև երանգավորումը ավելի լայն է և ավելի քիչ սպիտակ բծերով։ Կտուցը կարճ է։ Առաջին ձմռան ժամանակ թռչունները հիմնականում մոխրագույն-շագանակագույն են։ Բույնը կառուցում են բուսականությունից առափնյա հողի վրա կամ կղզիներում։ Հիմնականում ապրիլ ամսին դնում են 3 ձու։ Բները միմյանց շատ մոտ են գտնվում և կարող են տարածքային հակասություններ առաջանալ որորների միջև։
Հայկական ժայռային մողեսը մողեսների ենթակարգի իսկական մողեսների ընտանիքի Դարևսկիա ցեղի մողես է։ Կուսածին ժայռային բոլոր տեսակները հիմնականում էգեր են, որոնք ունեն տրիպլոիդ քրոմոսոմային հավաքակազմ։ Այս ձևը երկու ծնողական առանձնյակների միջտեսակային խաչասերման արդյունք է՝ Lacerta valentini և L. mixta։ Բնակվում է ժայռային և խիստ քարքարոտ, նաև տափաստանային, թփուտային, նոսրանտառային, անտառային բուսականությամբ ցածր լեռնային վայրերում, շինությունների պատերի ճեղքերում։ Բարեկազմ է, փոքր, տափակ մարմնով, երկարությունը տարիքի հետ փոխվում է (2,4-7,3 սմ), պոչը գրեթե կրկնակի երկար է, ինքնահատվող։ Գլուխը տափակ է՝ ծածկված խոշոր վահանիկներով։ Մեջքային մակերեսը ծածկված է միանման, մանր ոսպանման թեփուկներով, կողմնային մակերեսի թեփուկներն ավելի խոշոր են։ Մեջքի գունավորումը խայտաբղետ է. գերիշխում են գորշ, մոխրագույն, կանաչավուն, ձիթապտղագույն ու շագանակագույն երանգները։ Սնվում է մանր հոդվածոտանիներով և փափկամարմիններով։ Կուսածին է, հունիսի վերջ-հուլիսի սկզբին էգը 1-2 անգամ դնում է 2-5 ձու (11-7,5 մմ)։ Ձագերը ծնվում են հուլիսի վերջ-օգոստոսի սկզբին։ Հայկական ժայռային մողեսը տարածված է ժայռերում: Տեսակների թիվը բավականին կայուն է ու բարձր։
Հայկական ծաղկեփոշեկերը ծաղկեփոշեկերների ընտանիքին պատկանող միջատ է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Ոչ լայն ձվաձև մարմնով և 5-6,5 մմ երկարությամբ մանր չափի բզեզ է։ Գունավորումը բացից մինչև մուգ դարչնագույն է, իսկ ոտքերը՝ բաց դարչնագույն։ Հայաստանի էնդեմիկ է։ Ապրում է անտառների բացատներում և անտառեզրերում, հանդիպում՝ հունիս-հուլիս ամիսներին հովանոցազգի բույսերի ծաղիկների և ծաղկող թփերի վրա։ Կենսաբանական առանձնահատկություններն անհայտ են։ Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային մության Կարմիր ցուցակում գրանցված է որպես վտանգված տեսակ։ Թվաքանակը չափավոր բարձր է, իսկ փոփոխության միտումները՝ անհայտ։
Երևանյան գիշաճանճը գիշաճանճերի ընտանիքին պատկանող միջատ է։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ 18,5-22 մմ երկարությամբ խոշոր գիշաճանճ է։ Արծաթագույն-սպիտակ, խիտ փոշեծածկով են ծածկված երեսը, ճակատը և գլխի գագաթի մասը։ Եռանկյունաձև, սև և փայլուն բիծը գտնվում է ճակատի վրա՝ բեղիկներից վեր։ Միջնամեջքը ծածկված է դեղնամոխրագույն փոշեծածկով, ոտքերը` խիտ, սպիտակ մազիկներով, թևերը թափանցիկ են։ Տարածված է Անդրկովկասում: Թռիչքը դիտվում է հունիսի վերջից մինչև սեպտեմբեր ամիսներին, որսում է ճանճեր, խոշոր բզեզներ, մեղուներ և այլն:
Երևանյան կապտաթիթեռը կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ է։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Ոչ խոշոր չափի թիթեռ է, թևերը դեղնավուն երանգով դարչնագույն են։ Արուի՝ 12-15 մմ երկարությամբ թևերը ունեն առանձնահատուկ անդրոկոնիալ դաշտեր, իսկ թևերի ստորին մակերեսը՝ հետին թևերի վրա սեռին բնորոշ լավ արտահայտված սպիտակ մանրագծիկ: Ապրում են տրագանտներում, անտառի վերին սահմանի չոր մարգագետիններում, հունիսի կեսից մինչև հուլիսի կեսը տալիս են մեկ սերունդ։ Կերաբույսերը և կենսաբանության առանձնահատկությունները հայտնի չեն:
Սևանյան գնայուկը գնայուկ բզեզների ընտանիքին պատկանող միջատ է։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ 4,8-5,5 մմ մարմնի երկարությամբ, նեղ, խիստ ուռուցիկ, փայլուն, մանր մարմնով բզեզ է։ Մարմնի գունավորումը սև է՝ շատ թե քիչ է արտահայտված պղնձագույն շողողյունով։ Համարվում է Հայաստանի էնդեմիկ տեսակ։ Ապրում է ավազոտ լողափերում՝ անմիջապես ջրագծի մոտ։ Բզեզներն ու թրթուրներն ապրում են խոնավ ավազում՝ փորելով նեղ անցքեր։ Սնվում են մանր խեցնակերպերով և նրանց դիերով։
Երևանյան սևամարմինը սևամարմինների ընտանիքին պատկանող միջատ է։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ 8,5-11,5 մմ մարմնի երկարությամբ, բավականին լայն, չափավոր ուռուցիկ, ձվաձև, դեպի հետ թեթևակի լայնացող մարմնով, սևադարչնագույնից մինչև սև գունավորմամբ, չափավոր փայլուն ծածկույթներով միջին չափի բզեզ է: Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Երևանյան սևամարմինն ապրում է տարբեր տեսակի լեռնատափաստաններում։ Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն. բզեզները հանդիպում են մայիսին-հունիսի սկզբին` քարերի տակ: